1-ին դաս - Մարտիրոս Սարյանի «Հայաստան» նկարը

Դասընթացի առաջին օրը աշակերտները կծանոթանան միմյանց հետ, կպատմեն իրենց մասին, կծանոթանան ուսուցչի հետ։ Ոսուցիչը նկարաշարերի միջոցով կներկայացնի Մարտիրոս Սարյանի կյանքի կարևոր փաստերը, տեսաշարով կներկայացվեն նրա կտավները, աշակերտների հետ կվերլուծեն «Հայաստան» նկարի դետալները, կփորձեն սարյանական գույները փոխարինել բառերի, զրույց- քննարկումների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։

Լսել։ Ուսուցիչը կներկայացնի Մարտիրոս Սարյանի կյանքի հիմնական փաստերը. մանկություն, նկարչական առաջին փորձեր, մանկուց մեծ սերը բնության հանդեպ, գեղեցկության յուրահատուկ ընկալումը, մոսկովյան ուսանողական տարիներ, ճանապարհորդությունը դեպի Թուրքիա, Պարսկաստան, Եգիպտոս, «Գիշերային բնանկար: Եգիպտոս» կտավի ծնունդը, Հայաստանի զինանշանի ու դրոշի ստեղծումը, Փարիզում նկարների ցուցահանդեսի բացում, տուն-թանգարանի բացում։ Ապա կդիտեն Սարյանի ուշագրավ նկարները տեսանյութով («Գարուն», «Ինքնադիմանկար», «Լուսնկա գիշեր», «Նատյուրմորտ», «Ծաղիկներ քաղաքիկից», «Ծաղկող ծառերը», «Արագած») https://www.youtube.com/watch?v=x8fQlkFQpgM (20 րոպե)։

Կարդալ։ Մի առիթով Մարտիրոս Սարյանը ասել է. «Ինչ որ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս»։ Ուսուցիչը կներկայացնի, որ Սարյանը ուսումնասիրել ու ճանաչել է հայրենի բնությունը: Լեռների ու ձորերի, հարթավայրերի ու հովիտների, արևի լույսով ողողված գույների մեջ Սարյանը խորապես ընկալել է հայկական լեռնաշխարհի բնական երանգները: Ապա աշակերտների հետ կառանձնացնեն «Հայաստան» նկարի դետալները (արև, լեռ, հարթավայր, ծառ, թուփ), կփորձեն սարյանական գույները փոխարինել բառերի, զգալ գույնի ու բառի հարազատությունն ու ներդաշնակությունը http://www.gallery.am/hy/database/item/210/։ Աշակերտների հետ կընթերցեն Սարյանի ուշագրավ մտքերը հայրենիքի, արվեստի և իր նկարների ստեղծման պատմության մասին (25 րոպե)։

Martiros Saryan Armenia painting

Հայրենիքի մասին։ Առանց հայրենիքի, առանց հայրենիքի հանդեպ սիրո մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին:

Արվեստի մասին։ Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:

«Գիշերային բնանկար: Եգիպտոս» կտավի ստեղծման պատմությունը։ Ուղեկցիս գյուղում էինք: Քայլում էինք նեղլիկ փողոցներով: Փոքրիկ տնակների պատերին ստվերներ էին ձգել արմավենիները: Դա մի հրաշք էր գույների և ձևերի իր նրբություններով։ Հենց այդ տպավորությամբ էլ նկարել եմ «Գիշերային բնանկար: Եգիպտոս» աշխատանքը:

Քննարկում

  1. Ըստ ներկայացված նկարաշարերի՝ պատմի՛ր Սարյանի մասին (10 րոպե)։
  2. Ո՞ր գույնն է գերիշխում Սարյանի նկարներում և ինչու՞ (10 րոպե)։
  3. Նայելով «Հայաստան» նկարին՝ դետալները բնորոշի՛ր մեկ բառով (10 րոպե)

Տնային հանձնարարություն

  1. Պատկերի՛ր քո հայրենիքն այնպիսին, ինչպիսին դու կցանկանաս տեսնել։
  2. Քո նկարը բնութագի՛ր 25-30 բառերի շրջանակում։