4-րդ դաս - Փանոս Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» նկարը

Աշակերտները կծանոթանան Փանոս Թերլեմեզյանի և նրա կտավների հետ, կընթերցեն Տաթևի վանքի մասին տեղեկություններ, կվերլուծեն «Տաթևի վանքը» կտավի դետալները, կփորձեն Թերլեմեզյանի գույները փոխարինել բառերի, վարժությունների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։

Տնային հանձնարարությունների ստուգում։ Երեխաները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Աշակերտները կվերհիշեն Գրիգոր Խանջյանի գորգանկարները, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (5 րոպե)։

Լսել։ Ուսուցիչը կծանոթացնի Փանոս Թերլեմեզյանի կյանքի հիմնական դրվագներին. մանկությունը Վանում, ճամփորդություն դեպի Պարսկաստան և Թբիլիսի, ուսումնական տարիներ Սանկտ Պետերբուրգում, ձերբակալություն և աքսոր, ուսանողական տարիները Փարիզում, մտերմությունը Կոմիտասի հետ, Վանի հերոսամարտի ղեկավար։ Կցուցադրվեն նրա հայտնի նկարները՝ «Տաթևի վանքը», «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց», «Աշունը հին Երևանում», «Սևանի ափերը», «Սանահինի վանքի գավիթը»։ Աշակերտները կդիտեն Թերլեմզյանին նվիրված տեսանյութ https://www.youtube.com/watch?v=leuMU7orpak (20 րոպե)։

Կարդալ։ Երեխաները կընթերցեն Տաթևի վանքի պատմությունը, կդիտեն տեսանյութ նրա մասին https://www.youtube.com/watch?v=RD_5_k0bAUM, կհամեմատեն այն Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավի հետ http://www.gallery.am/hy/database/item/138/, կփորձեն նկարչի գույները փոխարինել բառերի՝ բացահայտելով գույնի և բառի ներդաշնակությունը (20 րոպե)։

Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում: Այն հիմնադրվել է 4-րդ դարում, եղել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը։ Վանքին կից եղել են մատենադարանն ու մանրանկարչության դպրոցը: Վանքի բակի կենտրոնում կառուցվել է ճոճվող հուշասյունը՝ «Գավազանը», որը բազմաթիվ երկրաշարժերից հետո պահպանվել է անխաթար։

Վանքի անվան ծագման մասին գեղեցիկ մի լեգենդ է մեզ հասել: Երբ վանքը կառուցող վարպետը ավարտել է իր աշխատանքը, նա խնդրել է Աստծուն իրեն թևեր տալ, որպեսզի նա երկնքից տեսնի այս գեղեցկությունը: Աստված լսել է նրա խնդրանքը և կատարել այն: «Տաթև» նշանակում է «տուր թևեր»: Մոտենալով վանքին՝ հասկանում ես, թե ինչու է հենց այդ անվանումը: Չորս կողմից անդունդներով շրջապատված վանքը, կարծես ճախրում է կիրճի վրա:

Panos Terlemezyan Tatev Monastery

Քննարկում

  1. Ի՞նչ գունային ներկապնակ է օգտագործել Թերլեմեզյանը վանքն ու հարակից տեսարանները նկարելիս (10 րոպե)։
  2. Ո՞ր գույնն է գերիշխում «Տաթևի վանքը» նկարում (10 րոպե)։
  3. Առաձնացրո՛ւ նկարի դետալները, բնութագրի՛ր (10 րոպե)։

Տնային հանձնարարություն

  1. Պատկերի՛ր Տաթևի վանքը այնպիսին, ինչպիսին դու կցանկանաս տեսնել։
  2. Քո նկարը բնութագի՛ր 25-30 բառերի շրջանակում։