Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփենք նախորդ դասը, երեխաները կարտասանեն Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Ուսուցիչը տեսաշարերով կծանոթացնի մանուկների սիրելի գրող Աթաբեկ Խնկոյանի (Խնկո Ապեր) կյանքի կարևոր դրվագների հետ։ Նա շատ առակներ է գրել երեխաների համար, դրանցից են՝ «Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Ճպուռն ու մրջյունը»։ Աշակերտները կլսեն և կփորձեն գուշակել կենդանիներին ու թռչուններին վերաբերող հանելուկներ, կունկնդրեն Աթաբեկ Խնկոյանի «Խոզն ու ագռավը» առակ-բանաստեղծությունը https://www.youtube.com/watch?v=GlLsTtL6dmw (15 րոպե)։
Կարդալ։ Երեխաները դերերով կընթերցեն Աթաբեկ Խնկոյանի «Խոզն ու ագռավը» բանաստեղծությունը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը։ (15 րոպե)։
Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, –
Ագռավն ասաց վերևից: –
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, –
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:
Վարժություններ
-
Գտնել խոզ, կաղնի, կաղին հասկացությունները բնութագրող բառեր և կազմել բառակապակցություններ (օրինակ՝ ագահ խոզ, անհագ խոզ), (10 րոպե)։
-
Մնջախաղով ներկայացրե՛ք խոզի և ագռավի երկխոսությունը (10 րոպե)։
-
Մեկ բառով ասա. Ինչպիսի՞ն է ագռավը : Ինչու՞ ես այդպես կարծում (10 րոպե)։
Տնային հանձնարարություն
-
Սահուն առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։
-
Քո բառերով և մեկ նախադասությամբ գրի՛ր յուրաքանչուր քառատողի իմաստը։
-
Համացանցից դուրս գրի՛ր ագռավի և խոզի մասին հակիրճ տեղեկություն։
Բառարան
Կաղնի - oak - дуб
Խոզ - pig - свинья
Կաղին - acorn - желудь
Ագահ - greedy - жадный
Անհագ - unquenchable - ненасытный
Չորանալ - grow up - сохнуть
Զորանալ - become mighty- укрепиться
Վիզ - neck -шея
Հյութալի - juicy - сочный
Կուզիկ - humpback- горбатый