Դաս 7 - Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծությունը

Այս դասի ընթացքում աշակերտները նկարաշարերի միջոցով կծանոթանան առակի ժանրին, մարգարիտ քարի պատմությանն ու օգտակար հատկությունններին, կընթերցեն Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծությունը, քննարկում-զրույցներ կանցկացնեն բարու և չարի, արդարության և անարդարության, համեստության և գոռոզության մասին։

Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփենք նախորդ դասը, երեխաները կարտասանեն Պարույր Սևակի «Էրեբունի-Երևան» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։

Լսել։ Ուսուցիչը տեղեկություններ կհաղորդի առակի մասին, թե ինչպես են առակագիրները առարկաներին, բույսերին, կենդանիներին ու թռչուններին օժտում խոսելու և մարդկային արաքներ կատարելու հատկություններով։ Ապա աշակերտները կլսեն Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծությունը՝ կետրոնանալով բառերի ճիշտ արտասանության վրա  https://www.youtube.com/watch?v=l8pVwzY3AKQ (15 րոպե)։

Ընթերցում։ Երեխաները դերերով կընթերցեն Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծությունը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը։ Ուսուցիչը նկարաշարերի միջոցով լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի մարգարիտների առաջացման, նրանց տեսակների, բուժիչ հատկությունների մասին։  (15 րոպե)։ 

Ծովի երեսն է փրփուրը ելնում, 
Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ, 
Մինչ մարգարիտը խորքում է լինում, 
Խորից է ծնվում գանձը ճշմարիտ:
Բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին. 
- Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին, 
Թե մարգարիտ ես... Էլ ի՞նչ մարգարիտ, 
Ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ, 
Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում, 
Ու ես եմ փայլում, 
Կյանքը վայելում....
Բայց իր վայելքը երկար չտևեց, 
Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց, 
Հետքն էլ չմնաց ծովի երեսին... 
Մինչ մարգարիտը, երբ խորքից հանվեց, 
Ձեռքե-ձեռք խլվեց, գանձ է, գանձ, ասին, 
Ահա մայր ծովի միակ փառքը մեծ: 
…Մարդիկ կան, որոնք փրփուրի նման 
Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում, 
Բայց խորքում որքա՜ն 
Մարգարիտներ կան,
Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում:

Վարժություններ

  1. Բնութագրի՛ր մարգարիտ-մարդուն և փրփուր-մարդուն։ Նրանցից ո՞վ է քո սրտին ավելի մոտ (10 րոպե)։

  2. Ի՞նչ կասես առակի վերջին հատվածի մասին (10 րոպե)։

  3. «Մարդ» բառին ավելացնել մեկ դրական և մեկ բացասական հատկանիշ, կազմել  բառակապակցություններ  (10 րոպե)։

           Դրական       Բացասական

  • բարի չար

  • խելացի անխելք

  • համեստ մեծամիտ

  • լավատես գոռոզ

  • խոնարհ ամբարտավան

  • արդար անարդար

Տնային հանձնարարություն

  1. Սահուն  առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։

  2. Ի՞նչ բառերով են  բնութագրվում  փրփուրն ու մարգարիտը, դուրս գրել և կազմել բառակապակցություններ։

  3. Փոխի՛ր առակի դեպքերի ընթացքը և գրի՛ր քո տարբերակը  25-30 բառերի շրջանակում։

Բառարան

Ծով - sea - море

Փրփուր - foam - пена

Մարգարիտ - pearl - жемчужина

Փայլփլել - sparkle - блестеть

Գանձ - treasure - сокровище

Ճշմարիտ - true - правда

Խորք - depth - глубина

Ձեռքե-ձեռք - hand in hand - рука об руку

Խլել - snatch out - отнять