«Չափածո ստեղծագործությունների միջոցով հայերենի ուսուցում երեխաների համար» դասընթացի ծրագիր
Այս դասընթացը նպատակ ունի բանաստեղծություններում կիրառված բառերի միջոցով հարստացնել սովորողների բառապաշարն ու զարգացնել հայոց լեզվի իմացությունը: Յուրաքանչյուր բանաստեղծության շուրջ ծավալած զրույցների, թեմայի շուրջ քննարկումների շնորհիվ կբարելավվեն մասնակիցների հաղորդակցական հմտությունները:
Learn Armenian Through The Literature Online Course For Kids
from Jan 16, 2021 to Mar 21, 2021
10 weeks
View Course Details & Apply
1-ին շաբաթ - Մայրենի լեզվի վերաբերյալ բանաստեղծություններ
Առաջին շաբաթվա ընթացքում սովորողները կծանոթանան միմյանց և ուսուցչի հետ։ Դասընթացի առաջին շաբաթը նվիրված կլինի մայրենի լեզվին, աշակերտները կծանոթանան հայ գրերի գյուտի զարմանահրաշ պատմությանը, կսովորեն ասույթներ հայերենի մասին, կընթերցեն Նաիրի Զարյանի «Հայերեն» և Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունները, քննարկում-զրույցներ կծավալեն մայրենի լեզվի շուրջ։
2-րդ շաբաթ - Հովհաննես Թումանյանը մանուկների բանաստեղծ
Դասընթացի երկրորդ շաբաթվա ընթացքում աշակերտները կծանոթանան Թումանյանի կյանքի կարևոր փաստերին նկարաշարերի և ֆիլմերի միջոցով, կլսեն Կոմիտասի, Զորավար Անդրանիկի, Նվարդ Թումանյանի հուշերը նրա մասին, վիրտուալ ճամփորդություն կանցկացնեն դեպի Լոռի, Թբիլիսի և Էջմիածին քաղաքներ, կընթերցեն «Կաքավի գովքը» բանաստեղծությունը, նաև լսեն Կոմիտասի «Կաքավիկ» երգը, քանի որ այն ստեղծագործվել է Թումանյանի «Կաքավի գովքը» բանաստեղծության բառերով, որոշ մանրամասներ կարձանագրեն նաև Կոմիտասի մասին, կսովորեն արտահայտիչ ընթերցել, ինտերակտիվ վարժությունների միջոցով կյուրացնեն նոր բառեր, կզրուցեն քառյակների և բանաստեղծության մեջ շոշափվող թեմաների շուրջ։
3-րդ շաբաթ - Հայրենիքը Պարույր Սևակի բանաստեղծություններում
Դասընթացի երրորդ շաբաթը նվիրված կլինի Պարույր Սևակի հայրենասիրական բանաստեղծություններին, աշակերտները կտեղեկանան Սևակի կյանքի հետաքրքիր փաստերին, կընթերցեն «Քիչ ենք, բայց հայ ենք» և «Էրեբունի-Երևան» բանաստեղծությունները, նկարաշարերի օգնությամբ կճանապարհորդեն Հայաստանի նախկին մայրաքաղաքներով, ինտերակտիվ խաղերի ու քննարկում-բանավեճերի միջոցով կամրապնդեն նյութը։
4-րդ շաբաթ - Առակները իմաստության շտեմարան
Դասընթացի չորրորդ շաբաթը նվիրված կլինի առակ-բանաստեղծություններին։ Աշակերտները նկարաշարերի միջոցով կծանոթանան առակի ժանրի պատմությանը, նրա յուրահատուկ սյուժեին, կենդանիների և բույսերի զրույցներին, կընթերցեն Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» և Աթաբեկ Խնկոյանի «Խոզն ու ագռավը» առակ-բանաստեղծությունները՝ ամենաբազմազան հարց ու պատասխանների միջոցով քննարկելով բարու և չարի, արդարության և անարդարության, համեստության և գոռոզության թեմաները։
5-րդ շաբաթ - Գրքերի կախարդական աշխարհը
Դասընթացի հինգերորդ շաբաթը նվիրված կլինի գրքերի զարմանահրաշ աշխարհին։ Երեխաները վիրտուալ ճանապարհորդություն կանցկացնեն հին ու միջին դարեր, նկարաշարերի միջոցով կտեսնեն մագաղաթյա հնագույն ձեռագրեր, կծանոթանան Մատենադարանի մեծ ու փոքր գրքերի հետ, կդիտեն ֆիլմ մագաղաթի մշակման, փետուր-գրիչների օգտագործման, դպիրների զարմանահրաշ պատմության մասին, կընթերցեն Ռազմիկ Դավոյանի «Իմ այս գիրքը» և Սուրեն Մուրադյանի «Շնիկի դասը» բանաստեղծությունները, կզրուցեն գրքերի օգտակարության ու գիտելիքի կարևորության մասին՝ ամենաբազմազան խաղերի ու վարժությունների օգնությամբ ամրապնդելով նյութը։
6-րդ շաբաթ - Գարունը բանաստեղծական տողերում
Դասընթացի վեցերորդ շաբաթը նվիրված կլինի գարնանը։ Աշակերտները կդիտեն տեսանյութ գարնան մասին, կծանոթանան Մարտիրոս Սարյանի գարնանային կտավների հետ («Գարուն», «Գարունն սկսվեց», «Ծաղիկներ քաղաքիկից», «Ծաղկող ծառերը»), կծանոթանան Համո Սահյանի կյանքի հետաքրքիր դրվագներին, կընթերցեն Աթաբեկ Խնկոյանի «Գարուն» և Համո Սահյանի «Անձրև» բանաստեղծությունները, կզրուցեն բնության զարթոնքի ու գարնան խորհրդանիշների մասին, կլսեն հետաքրքիր փաստեր անձրևի մասին՝ խաղերի ու վարժությունների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը:
7-րդ շաբաթ - Հախվերդյանի մանկական երգերը
Դասընթացի յոթերորդ շաբաթը նվիրված կլինի մեծ երգահան, բանաստեղծ Ռուբեն Հախվերդյանի երգերին։ Աշակերտները կծանոթանան Հախվերդյանի մանկական երգաշարին՝ «Զատիկ», «Թզուկը», «Գիշերվա աստղազարդ նկարում», «Փոքրիկ իշխանը», «Սպիտակ աղավնի», «Չի կարելի», «Նոր տարի», կսվորեն «Ձյունը» և «Իմ փոքրիկ նավակ» երգերը, կընկալեն նրա երգերի նուրբ հնչեղությունն ու մեղեդայնությունը, կվերլուծեն երգի իմաստային նրբերանգները, երգերի միջոցով կբացահայտեն մայրենի լեզվի գեղեցկությունն ու անաղարտությունը, ինտեակտիվ խաղերի ու վարժությունների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։
8-րդ շաբաթ - Կենդանիները բանաստեղծություններում
Դասընթացի ութերորդ շաբաթը նվիրված կլինի կենդանական աշխարհին։ Աշակերտները նկարաշարերի օգնությամբ կծանոթանան կենդանիների ու թռչունների հետ, կգուշակեն հանելուկներ նրանց մասին, կպատմեն իրենց սիրելի կենդանիների մասին, կզրուցեն մարդու ու կենդանիների բարեկամության մասին, կընթերցեն Ռուբեն Ղարիբյանի «Անտառի բնակիչները» և Էդուարդ Միլիտոնյանի «Ոզնին» բանաստեղծությունները, կսլեն հետքրքիր փաստեր կենդանիներ մասին, ինտերակտիվ խաղերի վարժությունների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։
9-րդ շաբաթ - Բանաստեղծություններ մայրիկի մասին
Դասընթացի իններորդ շաբաթը նվիրված կլինի մայրիկներին։ Կծանոթանան Հովհաննես Շիրազի կյանքի հետաքրքիր դրվագներին, կսովորեն մայրիկներին նվիրված ասույթներ, կհորինեն գեղեցիկ բարեմաղթանքներ մայրիկների մասին, կպատմեն իրենց ընտանիքի մասին, կընթերցեն Շիրազի «Մայրս» և Սուրեն Մուրադյանի «Մայրիկս» բանաստեղծությունները, ինտերակտիվ խաղերի ու վարժությունների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։
10-րդ շաբաթ - Արագած և Մասիս սարերը բանաստեղծական տողերում
Դասընթացի տասներորդ շաբաթը նվիրված կլինի Արագած և Մասիս բանաստեղծականացմանը։ Աշակերտները կլսեն հետաքրքիր փաստեր սարերի մասին, կծանոթանան Մարտիրոս Սարյանի «Արագած» և Գևորգ Բաշինջաղյանի «Արարատը լուսաբացին» կտավների հետ, կընթերցեն Ավետիք Իսահակյանի «Արագածին» և Գևորգ Էմինի «Ա՜խ, այս Մասիսը» բանաստեղծությունները, իրենց կարծիքը կհայտնեն երկու գեղանկարիչների նկարների զարմանահրաշ գունային համադրությունների մասին, կփորձեն գտնել նմանություն գույնի ու բառի միջև, կլսեն զվարճալի պատմություններ երկու գրողների մասին, խաղերի ու վարժությունների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։