Դաս 2 - Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը

Տնային առաջադրանքի ստուգումից ու նախորդ թեման ամփոփելուց հետ աշակերտները կծանոթանան Սիլվա Կապուտիկյանի կյանքի հետաքրքիր դրվագներին, կլսեն «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը, քննարկում-զրույցներ կծավալեն մայրենի լեզվի շուրջ։

Տնային հանձնարարությունների ստուգում։ Կամփոփեն նախորդ դասը, կվերհիշեն գրերի գյուտի պատմությունը, կվերապատմեն մայրենի լեզվին նվիրված ասույթներ, կարտասանեն Նաիրի Զարյանի «Հայերեն» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև  կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (20 րոպե)։

Լսել։ Աշակերտերը նախ նկարաշարի միջոցով կծանոթանան Սիլվա Կապուտիկյանի կյանքի մանրամասներին, ապա կլսեն Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով բառերի ճիշտ արտասանությանն ու առոգանությանը  https://www.youtube.com/watch?v=t9uipmYy40o (5 րոպե)։

Կարդալ։ Երեխաներն ուսուցչի հետ կընթերցեն Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը՝ կենտրոնանալով յուրաքանչյուր տողի վերջին բառի վրա։ Նրանք կառանձնացնեն արատասնաությամբ իրար մոտ բառերը (օրինակ՝ որպես-քեզ, սրտանց-հազարագանձ) և կքննարկեն, թե ինչու է բանաստեղծուհին տողերն ավարտում այդ բառերով (20 րոպե)։ 

Լսիր, որդիս, պատգամ որպես,
Սիրող քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ,
Հայոց լեզուն հազարագանձ:

Կտրել է նա հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ,
Սլաքի հետ Հայկյան նետի:

Ու Մեսրոպի Սուրբ հանճարով,
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հույս, դարձել դրոշ,
Պահել երթը մեր անաղարտ:

Նրանով է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել մեզ է հասել
Նրա կարկաչը դարավոր:

Պահիր նրան բարձր ու վճիտ,
Արարատի Սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Մեր պապերի աճյունի պես:

Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես, 
Քո մայր լեզուն չմոռանաս։

Քննարկում

Զրույց ծավալել հետևյալ հարցադրումներով. երբ կարդում ես բանաստեղծությունը, ի՞նչ պատկեր է գծագրվում աչքիդ առաջ, փորձի՛ր այն ներկայացնել (10 րոպե)։
Գտի՛ր բանաստեղծության հիմնական միտքն արտահայտող բառը կամ բառերը (10 րոպե)։
Բանաստեղծուհին ինչու՞ է այդպես խիստ պատգամ տալիս։ Գտի՛ր ու կարդա՛ այդ տողերը և բացատրի՛ր (10 րոպե)։

Տնային հանձնարարություն

Սահուն  առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։
Բառարանում գտի՛ր հազարագանձ, աստղալույս, խռովահույզ բառերի նշանակությունը և փորձի՛ր քո բառերով բացատրել։
Գրավոր վերապատմիր, թե ծնողներդ ինչ կարևոր բան են հանձնարարել (30 բառ)։

Բառարան

Հազարագանձ - precious - драгоценный
Աստղալույս - starlight - звездный
Խռովահույզ - agitated - взволнованный
Անաղարտ - pure - нетронутый
Պանդուխտ - foreigner - чужестранец
Սիրասուն - beloved- любимый
Ալեհեր - white-haired-седой
Ոսոխ - enemy- враг
Մրմնջալ - mumble - бормотать
Որոտալ - thunder - гром
Մագաղաթ - parchment - пергамент
Աճյուն - funeral - похороны
Դարավոր - ancient- древний