Դաս 11- Աթաբեկ Խնկոյանի «Գարուն» բանաստեղծությունը

Տնային առաջադրանքի ստուգումից ու նախորդ թեման ամփոփելուց հետո աշակերտները կդիտեն տեսանյութ գարնան մասին, կծանոթանան Մարտիրոս Սարյանի գարնանային կտավների հետ, կընթերցեն Աթաբեկ Խնկոյանի «Գարուն» բանաստեղծությունը, կզրուցեն բնության զարթոնքի ու գարնան խորհրդանիշների մասին՝ ինտերակտիվ խաղերի ու վարժությունների միջոցով զարգացնելով նոր սովորած բառապաշարը։

Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփեն նախորդ դասը, երեխաները կարտասանեն Սուրեն Մուրադյանի «Շնիկի դասը» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։

Լսել։ Աշակերտները կդիտեն տեսանյութ գարնան մասին, կծանոթանան մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի գարնանային կտավներին («Գարուն», «Գարունն սկսվեց», «Ծաղիկներ քաղաքիկից», «Ծաղկող ծառերը»), ապա ուսուցիչը կառանձնացնի գարունը բնութագրող մի շարք բառակապակցություններ (ծառերի ու ծաղիկների բողբոջել, թռչունների դայլայլ, առվակների կարկաչ, արևի ջերմ ժպիտ և այլն), որոնց օգնությամբ երեխաները կարտահայտեն իրենց տպավորություններն ու հույզերը գարնան մասին (15 րոպե)։

Կարդալ։ Երեխաները կընթերցեն Աթաբեկ Խնկոյանի «Գարուն» բանաստեղծությունը՝ կենտրոնանալով յուրաքանչյուր տողի վերջին բառի վրա։ Նրանք կառանձնացնեն արատասնությամբ իրար մոտ բառերը (օրինակ՝ անցավ-հալվեց, գարուն-առուն) և կքննարկեն, թե ինչու է բանաստեղծը տողերն ավարտում այդ բառերով (15 րոպե)։

Ձմեռն անցավ...
Եկավ գարուն...
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն: 

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից: 

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր: 

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին: 

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ: 

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Քննարկում

  1. Նկարագրի՛ր առաջին 3 քառատողում բնության երևույթները, բացատրի՛ր այն քո սովորած բառերով (10 րոպե)։
  2. Ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվում ծառը տարվա չորս եղանակներին (10 րոպե)։
  3. Տեքստից կռահի՛ր խոխոջ, լանջ, պտկել, արոտ բառերի իմաստը (10 րոպե)։

Տնային հանձնարարություն

  1. Սովորի՛ր երգել «Գարնան երգը» այս հղմամբ https://mocak.am/24792/5-հրաշալի-երգ-գարնան-մասին/
  2. Դիտի՛ր Մարտիրոս Սարյանի «Գարուն» կտավը և քո տեսածը շարադրի՛ր 25-30 բառերի շրջանակում։
  3. Գրի՛ր կարճ տեղեկություններ կակաչ և մորի հասկացությունների մասին։։

Բառարան

Առու - stream - ручей

Ծագել - аrise- всходить

Հալվել - melt -таять

Արևելք - east - восток

Խոխոջ - purl - журчание

Ծիլ - sprout -  росток

Հարավ - south - юг

Հավք - bird- птица

Կակաչ - poppy - мак

Մորի - strawberry - земляника

Լանջ - slope- склон