Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփեն նախորդ դասը, երեխաները կընթերցեն Աթբաեկ Խնկոյանի «Գարուն» բանաստեղծությունը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Ուսուցիչը նկարաշարերի միջոցով կծանոթացնի բանաստեղծ Համո Սահյանի հետ (ցուցադրվող նկարներ՝ բանաստեղծի դիմանկար, Լոր գյուղ, «Կանաչ կարմիր աշուն», «Դաղձի ծաղիկ» ժողովածուներ), կպատմի հետաքրքիր պատմություններ նրա կյանքից, կկարդա որոշ հատվածներ նրա «Անտառում», «Գարուն է գալիս» բանաստեղծություններից։ Աշակերտների հետ կերգեն «Անձրև» երգը https://www.youtube.com/watch?v=6Owjotz6wKk (15 րոպե)։
Կարդալ։ Երեխաները կընթերցեն Համո Սահյանի «Անձրև» բանաստեղծությունը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը։ Ուսուցիչը հետաքրքիր փաստեր կընթերցի անձրևի մասին և երեխաների հետ կքննարկեն այն (օրինակ՝ անապատում կարելի է կանգնել անձրևի տակ ու չթրջվել: Բանն այն է, որ այնտեղ անձրևի կաթիլները չեն հասնում հողին, այլ գոլորշիանում են հենց օդում), (15 րոպե)։
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:
Քննարկում
- Բացատրի՛ր, եթե անձրև չգա, բնության հետ ի՞նչ տեղի կունենա (10 րոպե)։
- Ասա՛երեք բառ, որոնք կարևոր են բանաստեղծությունը հասկանալու համար և ասա՛ մեկ միտք, որ ամփոփում է ամբողջ նյութը (10 րոպե)։
- Տեքստից կռահի՛ր քարայր, արյունաքամ, շանթ բառերի իմաստը (10 րոպե)։
Տնային հանձնարարություն
- Սահուն առոգանությամբ ընթերցի՛ր բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։
- Նկարի՛ր բանաստեղծության բովանդակությունը և հորինի՛ր նոր վերնագիր։
- Եվս մեկ անգամ լսի՛ր «Անձրև» երգը, դո՛ւրս գրիր բառերը։
Բառարան
Ամպ - cloud - облако
ամպամած - cloudy - облачно
Տագնապ - alarm - тревога
Սարսուռ - chills - озноб
Քարայր - cave - пещера
Արյունաքամ - bleeding - кровоточащий
Փշաքաղվել - get goosebumps - покрыться мурашками
Հոնք - eyebrow- бровь
Շանթ - lightning - молния
Զարկել - bump- ударить