Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփենք նախորդ դասը, երեխաները կարտասանեն Աթաբեկ Խնկոյանի «Խոզն ու ագռավը» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Ոսուցիչը նկարաշարերի միջոցով կներկայացնի գրքերի ստեղծման պատմությունը, երեխաները վիրտուալ ճանապարհորդություն կանցկացնեն հին ու միջին դարեր, կտեսնեն քարի, պապիրուսի, մագաղաթի վրա գրված ձեռագրեր, կծանոթանան Մատենադարանի մեծ ու փոքր գրքերի հետ («Մշո ճառընտիր», «Տոնացույց»), կդիտեն ֆիլմ մագաղաթի մշակման, փետուր-գրիչների օգտագործման, դպիրների զարմանահրաշ պատմության մասին, զրույց-քննարկումներ կանցկացնեն հին ու նոր գրքերի առեղծվածային պատմությունների շուրջ https://www.youtube.com/watch?v=sXshcIXayoM (15 րոպե)։
Կարդալ։ Աշակերտները ուսուցչի հետ կընթերցեն աֆորիզմներ և հանելուկներ գրքերի մասին, այն կներկայացվի նկարաշարի միջոցով։ Նաև կընթերցեն Ռազմիկ Դավոյանի «Իմ այս գիրքը» բանաստեղծությունը՝ կենտրոնանալով յուրաքանչյուր տողի վերջին բառի վրա։ Նրանք կառանձնացնեն արատասնաությամբ իրար մոտ բառերը և կքննարկեն, թե ինչու է բանաստեղծը տողերն ավարտում այդ բառերով (15 րոպե)։
Իմ այս գրքում
Կա ամեն ինչ,
Ամեն ինչից
Մի քիչ-մի քիչ՝
Մի քիչ գարուն,
Մի քիչ ամառ,
Անսահման լույս,
Մի քիչ խավար։
Մի քիչ աշուն,
Մի քիչ ձմեռ,
Մի քիչ նախշուն
Հովիտ ու լեռ։
Կան Բալիկներ
Եվ անպատճառ՝
Մի քիչ խելոք
Ու մի քիչ չար։
Իմ գիրքն արթուն,
Աշխույժ այսպես,
Մեծ մի տուն է,
ու մեջը՝ ես։
Քննարկումներ
-
Քեզ ո՞ր քառատողը դուր եկավ։ Ի՞նչ է ասվում այնտեղ գրքերի մասին (10 րոպե)։
-
Գիրքը իմ տունն է։ Ուրիշ ի՞նչ կուզենայիր, որ այնտեղ լիներ (10 րոպե)։
-
Վերհիշի՛ր ու մեզ պատմի՛ր քո առաջին գրքի մասին (10 րոպե)
Տնային հանձնարարություն
-
Կրկին դիտել ֆիլմը՝ ըստ հաջորդականության գրելով մագաղաթի մշակման ու ձեռագրերի պատմության ամբողջ ընթացքը (օրինակ՝ կաշվի մշակում, փետուրների մշակում, դպրիրների և մանրանկարիչների աշխատանք...)։
-
Նկարազարդի՛ր «Իմ այս գիրքը» բանաստեղծությունը, հորինի՛ր նոր վերնագիր ։
Բառարան
Ամառ - summer - лето
Ձմեռ - winter- зима
Աշուն - autumn- осень
Գարուն - spring - весна
Լեռ - mountain - гора
Անսահման -infinite- безграничный
Նախշուն - pretty - узорный
Բալիկ - baby- малыш
Խելոք- smart - умный
Չար - evil- зло
Աշխույժ - lively - бодрый