Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփեն նախորդ դասը, երեխաները կերգեն Ռուբեն Հախվերդյան «Իմ փոքրիկ նավակ» երգը, կպատմեն օվկիանոսի գաղտնիքների մասին տեսաշարը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Ուսուցիչը կցուցադրի ընտանի և վայրի կենդանիների, թռչուններին նկարներ (կով, շուն, խոզ, գայլ, աղվես, նապաստակ, հավ, ագռավ, արծիվ, բազե, կաչաղակ), տեղեկություններ կհաղորդի «Անտառի բնակիչները» բանաստեղծության հերոսների՝ արջի, սկյուռիկի, աղվեսի, նապաստակի մասին, ինչ նմանություններ ունեն մարդկանց հետ։ Աշակերտները կպատմեն իրենց սիրելի կենդանիների մասին. ինչպե՞ս են շփվում, խնամում ու բարեկամանում նրանց հետ (15 րոպե)։
Կարդալ։ Երեխաները դերային խաղով կներկայացնեն Ռուբեն Ղարիբյանի «Անտառի բնակիչները» զրույցը՝ փորձելով զվարճալի դարձնել պատասխանները, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը։ Նոր նյութի յուրացումն արդյունավետ դարձնելու համար կառաջադրվի նաև կենդանիներին ու թռչուններին վերաբերող հանելուկներ (15 րոպե)։
– Հաստ արջուկը, գայլ մայրիկը,
Նապաստակը, սկյուռիկը
Եվ աղվեսը հավաքվեցին
Ու զրուցել սկսեցին,
Թե ձմեռը ցուրտ անտառում
Ով ինչպես է դիմավորում:
Արջուկ
– Է՜, ինձ ի՞նչ կա,
Ինչքան կուզի
Թող շատ ձյուն գա,
Ես ուտելու կարիք չունեմ,
Ողջ ձմեռը պիտի քնեմ:
Դու՞, սկյուռի՛կ, սիրու՛ն քույրիկ:
Սկյուռիկ
– Ես չեմ նստում անգործ ու լուռ,
Հավաքում եմ մի քանի բուռ
Կաղին, ընկույզ, մի քիչ էլ թուզ:
Երբ իջնում է ձյունը փափուկ,
Փչակիս մեջ տաքուկ-տաքուկ,
Իմ ունեցած այդ պաշարով
Ապրում եմ լավ ու ապահով,
Մինչև նորից գարուն բացվի,
Անտառն անուշ մրգով լցվի,
Իսկ դու՞ ինչպես, պատմի՛ր, աղվե՛ս:
Աղվես
-Է՜հ, ի՞նչ պատմեմ, այդ մի բանում
Ես ինձ երբեք չեմ հավանում.
Չեմ հավաքում ձմռան պաշար,
Ինձ մնում է միայն մի ճար.
Գաղտագողի գյուղ եմ մտնում,
Թե հաջողվեց՝ հավ եմ գտնում,
Աշխարհն իմն է, ու ինձ համար
Միևնույնն են ձմեռ, ամառ:
Դու՞, սպիտա՛կ, ժի՛ր նապաստակ:
Նապաստակ
– Չէ՛, իմ կյանքը այնքան էլ վատ չէ,
Չարչարանքս էլ շատ չէ, ասենք,
Մերկ անտառում միշտ ցատկոտում,
Ծառի կեղևն եմ կրծոտում,
Բույս եմ հանում ձյան տակից,
Եվ այդպիսով պահում ինձ,
Մինչև նորից գարուն բացվի,
Անտառը թարմ խոտով լցվի:
Քննարկում
- Մեր հերոսները որտե՞ղ են ապրում, որտե՞ղ են քնում և ի՞նչ են ուտում (10 րոպե)։
- Այս կենդանիներից ո՞րն է ձմռանը նախապատրաստվում մարդու նման (10 րոպե)։
- Ուսուցիչը կցուցադրի խաչբառ։ Այստեղ թաքնված են քո բարեկամ կենդանիները։ Գտի՛ր նրանց (10 րոպե)։
Տնային հանձնարարություն
- Սահուն առոգանությամբ ընթերցի՛ր բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։
- Կարճ տեղեկություն պատրաստի՛ր արջի, աղվեսի և գայլի մասին (նկարագրի՛ր նրանց արտաքինը, ի՞նչ են ուտում, որտե՞ղ են բնակվում)։
- Տեսանյութի միջոցով սովորի՛ր կենդանիներին, թռչուններին (https://www.youtube.com/watch?v=1L9xOjiS434):
Բառարան
Արջ - bear - медведь
Սկյուռ- squirrel- белка
Աղվես - fox- лиса
Նապաստակ-rabbit -кролик
Կաղին - acorn -желудь
Ընկույզ-nut- орех
Թուզ - fig -инжир
Փչակ - hollow - дупло
Պաշար - stock- припасы
Ցատկոտել - jump-прыгать
Կեղև - peel - кора
Կրծոտել - nibble-грызть
Խոտ - grass- трав