Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփեն նախորդ դասը, երեխաները կարտասանեն Համո Սահյանի «Անձրև» բանաստեղծությունը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Երեխաները կծանոթանան մեծ երգահան, բանաստեղծ Ռուբեն Հախվերդյանի մանկական երգերի հետ։ Նա գրել է բազմաթիվ մանկական երգեր («Զատիկ», «Թզուկը», «Գիշերվա աստղազարդ նկարում», «Փոքրիկ իշխանը», «Սպիտակ աղավնի», «Չի կարելի», «Նոր տարի»)։ Հախվերդյանի երգերը կարող ենք լսել նաև հայկական մուտֆիլմերում, հատկապես երեխաների կողմից շատ սիրված «Գտնված երազ»-ում, այնտեղ հնչում է նրա «Ձյունը», «Գիշերվա աստղազարդ նկարում» երգերը: Ապա աշակերտները ուսուցչի հետ կերգեն Հախվերդյանի «Ձյունը» երգը, որի միջոցով նրանք կբացահայտեն ոսկեղենիկ մայրենիի գեղեցկությունն ու հնչեղությունը, թե ինչքան երգեցիկ են հայերենի հնչյուններն ու բառերը https://www.youtube.com/watch?v=dQh3UdE4mWM (15 րոպե)։
Կարդալ։ Երեխաները կընթերցեն Ռուբեն Հախվերդյանի «Ձյունը» երգի բառերը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը։ Ոսուցիչը նաև հետաքրքիր փաստեր կպատմի ձյան մասին, երեխաները զրույց-քնարկումներ կանցկացնեն այդ թեմայով՝ իրենց զգացմունքներն ու տպավորությունները կիսելով միմյանց հետ (15 րոպե)։
Ձյունը երկար սպասեց
Գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան,
Ու ձայները լռեցին:
Ու հանկարծ գիշերվա մեջ
Ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով
Փաթիլներն իջան ցած:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թել-թել,
Ձյունն իր հեքիաթն է պատմում:
Ոսկեծամ գեղեցկուհի,
Առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ,
Ա՜խ, շուտով կդադարի:
Հայտնվի՛ր գիշերվա
Իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց
Մեզ իր գիրկն է առնում:
Ձյո՜ւն, սպիտա՜կ ձյուն,
Մեղքերիս բե՜ր թողություն,
Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ քնքշություն,
Սպիտակ ձյո՜ւն, իմ ճերմա՜կ մանկություն:
Արծաթե թիթեռնիկներ՝
Պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Ու երազկոտ կտուրներին
Բերին ճերմակ հանդարտություն:
Քննարկում
- Փորձի՛ր բացատրել երգի կրկներգը. հեղինակը ի՞նչ բառերով է բնութագրում ձյուն հասկացությունը և ի՞նչ է խնդրում նրանից (10 րոպե)։
- Բացատրի՛ր արծաթե թիթեռնիկ, ոսկեծամ գեղեցկուհի, կապույտ հեքիաթ բառակապակցությունների իմաստը, կազմի՛ր նախադասություններ (10 րոպե)։
- Տեքստից կռահի՛ր խենթ, թևածել, ոսկեծամ բառերի իմաստը (10 րոպե)։
Տնային հանձնարարություն
- Դիտի՛ր «Գտնված երազ» մուլտֆիլմը, փորձի՛ր վերատմել կարևոր դեպքերը https://www.youtube.com/watch?v=ks2olsHbCKs։
- Նկարի՛ր երգի քո սիրած քառատողը, հորինի՛ր նոր վերնագիր։
- Գրել «Ձյունը» վերնագրով շարադրություն՝ օգտագործելով «Ձյունը» երգի բառապաշարը 35-40 բառերի շրջանակում։
Բառարան
Փաթիլ - snowflake - снежинка
Զրնգալ -tinkle- звенеть
Երազկոտ- dreamy- мечтательный
Խենթ - crazy - безумный
Կտուր- roof- крыша
Ճերմակ- white- белый
Թևածել - hover- парить
Հանդարտություն- tranquility- спокойствие
Արծաթե- silver- серебряный
Քնքշություն - tenderness- нежность
Ոսկեծամ- golden-haired - золотоволосая
Թիթեռնիկ -butterfly- бабочка