Դաս 14 - Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրի նավակ» բանաստեղծությունը

Տնային առաջադրանքի ստուգումից ու նախորդ թեման ամփոփելուց հետո աշակերտները կշարունակեն ծանոթանալ Ռուբեն Հախվերդյանի մանկական երգաշարին, կլսեն «Իմ փոքրիկ նավակը», երգի միջոցով կբացահայտեն մայրենի լեզվի գեղեցկությունն ու անաղարտությունը, կվերլուծեն երգի իմաստային նրբերանգները, վարժությունների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։

Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփեն նախորդ դասը, երեխաները կերգեն Ռուբեն Հախվերդյանի «Ձյունը» երգը, կվերապատմեն «Գտնված երազ» մուլտֆիլմից հատվածներ, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։

Լսել։ Աշակերտները ուսուցի հետ կերգեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» երգը՝ կենտրոնանալով երգի մեղեդայնության ու բառերի հնչեղության վրա։ Ապա իրենց կարծիքները կհայտնեն Հախվերդյանի երգերի մասին, թե ինչքանով են երգերը օգնում տեքստի իմաստը ընկալելուն, նոր բառեր սովորելուն և այն հեշտորեն հիշելուն https://www.youtube.com/watch?v=dQh3UdE4mWM (15 րոպե)։

Կարդալ։ Երեխաները կընթերցեն Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» երգի բառերը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը։ Ոսուցիչը նաև հետաքրքիր փաստեր կպատմի օվկիանոսի, գետերի, լճերի մասին, երեխաները զրույց-քնարկումներ կանցկացնեն այդ թեմայով՝ իրենց զգացմունքներն ու տպավորությունները կիսելով միմյանց հետ (15 րոպե)։

Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա:

Իմ փոքրի՜կ նավակ,
Իմ փոքրի՜կ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ:

Իմ փոքրի՜կ, փոքրի՜կ նավակ,
Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում,
Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում
Գետի ալիքները խելագար:

Իմ փոքրի՜կ նավակ,
Իմ փոքրի՜կ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ:

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց:

Իմ փոքրի՜կ նավակ,
Իմ փոքրի՜կ նավակ,
Դու հասա՞ր, արդյոք,
Ծովին կապուտակ:

Թե՞ ճանապարհին
Խորտակեց քամին,
Եվ դու քնեցիր
Գետի հատակին:

Քննարկում

  1. Փորձի՛ր նկարագրել քո երազանքների նավը, ո՞ր երկիր կցանկանայիր մեկնել նրանով (10 րոպե)։
  2. Կազմի՛ր նախադասություններ կապուտակ ծով, խելագար ալիք, փոքրիկ նավակ բառակապակցություններով (10 րոպե)։
  3. Ի՞նչ նմանություն ես տեսնում նավակ, գետակ, կապուտակ բառերի միջև (10 րոպե)։

Տնային հանձնարարություն

  1. Սովորի՛ր «Իմ փոքրիկ նավակ» երգը։
  2. Առանձնացրու՛ քո սիրելի գետերի, լճերի, օվկիանոսների 3 անուն, գրի՛ր կարճ տեղեկություն, թե որտեղ են գտնվում, ինչքան երկարություն ու խորություն ունեն։
  3. Դիտի՛ր օվկիանոսի գաղտնիքների մասին ֆիլմը, փորձի՛ր վերաշարադրել այն https://www.youtube.com/watch?v=vEqd0F09IfA։

Բառարան

Նավակ - boat-лодка

Ծով - sea - море

Խելագար - insane - сумасшедший

Ալիք - wave- волна

Ճանապարհ - road- дорога

Խորտակել - sink- тонуть

Գետ - river- река

Հատակ - floor - пол

Կապուտակ - blue - лазурный

Ամպ - cloud- облако

Երկինք - sky-небеса