Դաս 5 - Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը

Այս դասի ընթացքում նախորդ թեման ամփոփելուց հետ աշակերտները հակիրճ կտեղեկանան Պարույր Սևակի կյանքի հետաքրքիր փաստերի մասին, կընթերցեն «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը, ինտերակտիվ խաղերի ու քննարկում-բանավեճերի միջոցով կամրապնդեն նյութը։

Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփենք նախորդ դասը, երեխաները  կարտասանեն Թումանյանի  «Կաքավի գովքը» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև  կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։

Լսել։ Ոսուցիչը ֆիլմ-տեսաշարի միջոցով կներկայացնի Պարույր Սևակի կյանքի հետաքրքիր դրվագները, կընթերցեն նրա հայրենասիրական աֆորիզմները, կլսեն Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ` ուշադրություն դարձնելով բառերի ճիշտ արտասանությանն ու առոգանությանը https://www.youtube.com/watch?v=Sh4Dy-aJ5Wg&t=11s (15 րոպե)։

Ընթերցում։ Երեխաները կընթերցեն Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը։ Ապա ուսուցիչը նկարաշարերի միջոցով կներկայացնի բանաստեղծության մեջ տեղ գտած հայկական խորհրդանիշ տեղանուն անձնանունները՝ Արարատ, Սևան լիճ, Նարեկացի և Սասունցի Դավիթ, կզրուցեն այդ թեմայի շուրջ (15 րոպե)։ 

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարո՛ւն‚ 
Վսեմի՛ն‚
Լավի՜ն...
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:

Վարժություններ։

  1. Նշված հարցերի միջոցով պարզել աշակերտների զգացմունքները հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ (10 րոպե)։

  • Ի՞նչ  եք  տեսնում

  • Ի՞նչ  եք  զգում

  • Ի՞նչ  եք  լսում

  • Ի՞նչ եք մտածում

  1. Ըստ բանաստեղծության՝ ո՞ր հատկանիշներն են բնորոշ հայ ժողովրդին (10 րոպե)։ 

  2. Բարձր, գեղեցիկ, վսեմ, լավ  բառերով կազմել բառակապակցություններ (10 րոպե)։

Տնային հանձնարարություն

  1. Սահուն  առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։

  2. Կազմել նախադասություններ հայուհի, հայություն, հայկական, հայախոս բառերով։

  3. Ի՞նչ է հայրենիքը քեզ համար, փորձի՛ր վերաշարադրել 25-30 բառերի շրջանակում։

Բառարան

Գերադասել - prefer -предпочитать

Պատճեն - copy - копия

Ժայռ - rock - скала

Վանք - monastery - монастырь

Քար - stone - камень

Շինել - build - строить

Ձուկ - fish - рыба

Կավ - clay - глина

Վսեմ- sublime - возвышенный

Աշակերտել - learn - учиться