Տնային հանձնարարությունների ստուգում։ Հարց ու պատասխանի միջոցով աշակերտները կվերապատմեն Թումանյանի կյանքի ու գործունեության կարևոր փաստերը, կարտասանեն քառյակներ, ապա կստուգվեն գրավոր առաջադրանքները google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Աշակերտները կլսեն Կոմիտասի «Կաքավիկ» երգը, նկարաշարերի միջոցով կծանոթանան մեծ երգահան Կոմիտասի կյանքին ու երաժշտական գործերին, իրենց կարծիքը կհայտնեն հայկական ժողովրդական երգերի մասին https://www.youtube.com/watch?v=av4vtOu6gXQ (15 րոպե)։
Կարդալ։ Երեխաները ուսուցչի հետ կընթերցեն Հովհաննես Թումանյանի «Կաքավի գովքը» բանաստեղծությունը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը` կենտրոնանալով նրանց ճիշտ գրության և արտասանության վրա (15 րոպե)։
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Սաղմոս կասես ծաղիկներին,
Սարեր ձորեր զըվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կըհանես.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Վարժություններ
-
Նկարագրի՛ր կաքավին և իր բույնը՝ ըստ բանաստեղծության: Կարդա՛ բանաստեղծության համապատասխան տողերը (10 րոպե)։
-
Արևը (ի՞նչ արեց), կաքավը (ի՞նչ արեց). լրացրու՛ նախադասությունը՝ ըստ բանաստեղծության (10 րոպե)։
-
Կարդա՛ ամեն տողի վերջին բառերը։ Ի՞նչ օրինաչափություն ես նկատում (10 րոպե)։
Տնային հանձնարարություն
-
Սահուն առոգանությամբ ընթերցի՛ր բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։
-
Նկարի՛ր քեզ դուր եկած քառատողի պատկերները։
-
Համացանցից դուրս գրի՛ր շուշան, նարգիզ, նունուֆար ծաղիկների մասին հակիրճ տեղեկություն։
Բառարան
Կաքավ - Partridge - куропатка
Թուխ - dark - смуглый
Սար - mountain - гора
Շուշան - lily - лили
Նարգիզ - Narcissus - Нарцисс
Նունուֆար- Nuphar - Кубышка
Կտուց - beak - клюв
Նախշուն - pretty- узорчатый
Մամռոտ - mossy - замшелый
Սաղմոս - psalm - псалом
Ձոր - ущелье - gorge