Դաս 19 - Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունը

Տնային առաջադրանքի ստուգումից ու նախորդ թեման ամփոփելուց հետո աշակերտները կծանոթանան Ավետիք Իսահակյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներին, կդիտեն Մարտիրոս Սարյանի «Արագած» կտավը, կընթերցեն Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունը, կհամեմատեն կտավն ու բանաստեղծությունը, իրենց կարծիքները գույնի ու բառի նմանության մասին, վարժությունների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։

Տնային հանձնարարությունների ստուգում։ Երեխաները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Նախորդ դասի՝ Հովհաննես Շիրազի «Մայրս» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։

Լսել։ Ուսուցիչը հակիճ տեղեկություններ կհաղորդի Ավետիք Իսահակյանի մասին, հատկապես՝ Արագածի լանջին նրա ացկացրած մանկության մասին, կդիտեն հետաքրքիր դեպքեր նրա կյանքից https://www.youtube.com/watch?v=Y2OlDFO6kW8։ Ապա կցուցադրվի Մարտիրոս Սարյանի «Արագած» նշանավոր կտավը, կծանոթանան մեծ գեղանկարչի նկարների զարմանահրաշ գունային համադրություններին։ Զրույցի միջոցով աշակերտները կհամեմատեն կտավն ու բանաստեղծությունը, կհայտնեն իրենց կարծիքները գույնի ու բառի նմանությունների մասին (15 րոպե)։

Կարդալ։ Նկարաշարերի միջոցով ուսուցիչը կներկայացնի Արագածի հրաշք բնությունը` հավերժական ձյունը, երփներանգ ծաղիկները, լճակները, գետակներն ու առվակները: Աշակերտները կընթերցեն Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունը՝ առանձնացնելով ալմաստ, սեգ, պերճ, աբրեշում դժվար մտապահվող բառերը (15 րոպե)։

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։

Վարժություններ

  1. Դիտելով Մարտիրոս Սարյանի «Արագած» կտավը՝ ի՞նչ բառերով կբնութագրեք Արագած սարը (10 րոպե)։
  2. Ի՞նչ սարերի ու լեռների անուններ գիտես, թվարկի՛ր, որտե՞ղ ենք գտնվում (10 րոպե)։
  3. Փորձի՛ր կռահել ինչու՞ են այս բառերը գրվում գծիկով և ի՞նչ իմաստ են արտահայտում. լույս-փերուզ, հուր-հրեղեն, ծվեն-ծվիկներ (10 րոպե)։ 

Տնային հանձնարարություն

  1. Սահուն առոգանությամբ ընթերցի՛ր «Արագածին» բանաստեղծությունը։
  2. Գրի՛ր հակիրճ տեղեկություն Արագած սարի մասին։

Բառարան

Կայծակեղեն - lightning - молния

Աբրեշումե - silky - шелковистый

Հրեղեն - fiery - огненный

Բյուրեղ - crystal - кристалл

Ալմաստ -diamond - алмаз

Ժայռ - rock - рок

Լճակ - pond - руд

Առու - stream - ручей

Պերճ - luxury - роскошный